38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Անհաղթ է հայոց զինվորը

Անհաղթ է հայոց զինվորը
13.08.2024 | 07:23

Ցավից փորփրում եմ վերքերս, որ ավելի ցավացնեմ ու ցավով լցնեմ հոգուս դատարկությունը:

Քարտեզի պես սեղանին եմ դնում բոլոր ժամանակների մեր պայքարի ուրվագծերը, որ տեսնեմ՝ որտե՞ղ էր թույլ օղակը, ինչպե՞ս և ինչու՞ մեր ոգու արիությունը տեղի տվեց:

Չասեք՝ կար ուժի պակասություն: Դա երբևիցե ամենաանհեթեթ պատճառաբանությունը կլիներ:

ՈՒժը միշտ էլ ավելցուկով է հայ ժողովրդին արարել Աստված, հայ զինվորը միշտ էլ կաղնեբազուկ է եղել, և Պյոտր Առաջինը, որն իր իսկ բազուկով էր փորձում ապագա մարտիկի ուժը, հայերին ընդունում էր առանց փորձության՝ ուժի և նվիրվածության շնորհիվ:

ՈՒժը կար, չկար ուժեղ լինելու և հաղթելու պատրաստակամություն:

Իրոք, ունեցել ենք անհաղթ գեներալներ, ինչպես իմ ժողովուրդն է ասում՝ «օխծը պունան տյուս օնողներ»... Նրանք 1-ին պատերազմի ժամանակ շատ ջահել էին, և հայրենասիրությունը նրանց համար ամենամեծ ադրենալինն էր:

Պատերազմի ժամանակ գնում էին առջևից, վիրավորվում էին առաջինը, և զինվորը, ոխով լցված, ուզում էր իր առաջնորդի վրեժը հանել:

Վիրավորները, վիրակապները ձեռքներին, քանի դեռ կարող էին զենք վերցնել, վերադառնում էին մարտադաշտ. Ինչպե՜ս կարելի է

Զինվոր-տղեկներին մենակ թողնել:

Շատերը կռվում էին որսորդական հրացաններով, քերծերից կառչած, ձիերով քարշ տալով հրանոթները, իսկ Շուշին վերցնելու ժամանակ, երբ պիտի Հունոտի (Զոնտիկներ) կողմից մանևրով ճեղքեին պաշտպանությունը, ձիերի ոտքերն անգամ փաթաթաններ էին կապել, որ ձայն չհանեն:

Մենք հաճախ ենք գնացել Հունոտի կիրճ, մոմեր ենք վառել դեպի ձորը իջնող ճանապարհի աջ կողմում տեղակայված միակ զոհի հուշաքարին և նայելով ուղղաձիգ, առանց նույնիսկ կառչելու հնարավորության ապառաժ քերծերին՝ ինքս ինձ հարց եմ տվել՝ ինչպե՜ս են բարձրացել՝ ծանր զենքերը ձեռքներին՝ անձայն, անշշուկ, անգամ զեռունները չեն կարողանում երկար ժամանակ կառչած մնալ:

Մայրերը հետ չեն պահել, միայն աղոթել են, իսկ եկեղեցու քահանաները հավաքել են ժողովրդին՝ հույս ու հավատ ներշնչել, իսկ ռմբակոծությունների ժամանակ նաև Աստծո տանը ապաստանել իր հոտը:

Այդքան դժվար նվաճած Շուշին թշնամին ընդամենը մի քանի տասնյակ զինվորներով Քյոսալարից եկող մի կածանով պաշարեց այն:

Զինվորը մնաց մենակ, իսկ երբենմի դափնեզարդ գեներալիտետը և սպայական կազմը միայն բունկերներից էր «վերահսկում» ճակատամարտի ընթացքը՝ առանց տեղյակ լինելու իրավիճակին:

Սկսեցին գործել Բալլուջայից Հասանաբադ ճանապարհին տեղակայված հրանոթները դեպի Շուշի, բայց արդեն ուշ էր, որովհետև Շուշիում պաշարված ավելի շատ հայ զինվոր կար, քան թ....րք:

Այստեղ արդեն սկսվեց խուճապը:

Թուլամորթ, մեղկ (ոչ բոլորը) սպաները, օգնություն բերելու պատրվակով թողեցին զինվորին մենակ և ճողոպրեցին մարտադաշտից:

Մինչ աշխարհի ստահակի թագը նվաճած Արծրուն կոչեցյալը ժողովրդի ուղեղն էր լվանում «Գյոռբագյոռ -2020» օպերացիայում մեր բանակի տարած հաջողությունների ու հաղթանակների մասին, շրջափակման մեջ գտնված մեր զինվորները հրաժեշտի վերջին զանգերն էին ուղարկում՝.

«Հայրի՜կ, մայրի՜կ, քիչ են պատրոնները, իմացեք՝ ձեր որդին գերի չի ընկնի, վերջին կանտրոլնին պահում եմ ինձ համար, իմացե՜ք, որ հերոս տղա ունեք, ես սիրում եմ ձեզ»... և հեռախոսի մյուս կողմում ծնողները լսել են կանտրոլնիի ձայնը:

Պատկերացնու՞մ եք...

Եվ ո՜ր մի գեներալ ու սպա պատասխանատվության կանչվեցին… Անհեթեթ ճարտասանական հարց, թերևս բոլորս գիտենք պատասխանը:

Բոլորը մի կաթսայից են... նրանց ընդամենը քավության մի նոխազ էր պետք, վերցրին և նստեցրին, ու հարցը փակվեց մեկընդմիշտ:

Երեք տարի անընդմեջ որդեկորույս մայրերը անպատասխան մնացին:

Ես գլուխ եմ խոնարհում բոլոր մայրերի առաջ և ցավով նշում եմ իմ որդու մանկության և զինակից ընկեր Գրիգորիկի անունը, որն ընկավ Շուշիում հերոսի մահով՝ հավերժ սգի մեջ թողնելով ծնողներին (մինուճար որդին էր), կնոջն ու երկու անչափահաս բալիկներին:

Միշտ միասին էին՝ Արմենն ու Գրիգորը, բայց այդ չարաբաստիկ օրը Արմենն ուրիշ առաջադրանք ստացավ, որի համար շատ զղջում է՝ եթե ես Գրիգորիկի հետ լինեի, նա չէր զոհվի, ես «հափռիս նման գյուդումում ամեն ծակուծուկը և կհանեի տղաներին շրջափակումից»:

Արմենը որսորդական հոտառություն ուներ, և մեր հայաստանյան շատ հայրենակիցների էր դուրս բերել շրջափակումից:

էս էլ պատմեմ հետո անց կենամ բուն նյութին.:

44-օրյան ավարտվել էր, մենք Աբովյանից դեռ տուն չենք վերադարձել, աղջկաս տեգոր՝ Ազգային հերոս Նարեկի հուղարկավորությունը պիտի լիներ Եռաբլուրում, Արմենն էլ դեռ Բերձորում էր, որտեղ մնաց մինչև նոյեբերի 30-ը:

Հացատունը, որտեղ հյուրընկալվել էինք, շատ ցուրտ էր, որովհետև սեղանատունը լրիվ սալիկապատ էր և շատ ընդարձակ, իսկ դրսում Աբովյանի հանրահայտ քամին էր:

Ընդամենը երկուսով էինք՝ ես ու աղջիկս:

Առավոտյան դուռը ծեծեցին. ոչ ոքի չէինք սպասում։

Ադյալով փաթաթված դուրս եկա:

Զինվորներ էին. ոտքերս տակիս թուլացան:

Տղաները, նայելով ինձ, ասացին.

«Ոնց որ շփոթվել ենք»:

Բայց մեկը հետ դարձավ ու հարցրեց՝ Արմենի մամա՞ն եք, վախից ուզում էի ասել՝ չէ, որովհետև այդ պահին այնքան էի ուզում Արմենի մաման չլինել:

Այդ տղաները մեր տանը հաճախ էին լինում ու միշտ ինձ տեսել են մանկավարժին պատշաճ հագուստով ու կեցվածքով, իսկ հիմա նրանց դիմաց գորշ ադյալով փաթաթված նիհար, անգույն մի պառավ էր կանգնած:

Մոտենում է հացատան տերը և ներկայացնում է ինձ, իսկ ես էլ այդ պահին կուլ էի տվել լեզուս:

Հետո ներս հրավիրելով տղաներին՝ կարծես արդարանայու համար ասում է՝ «հաշվիչը շպրտել էր ապահովիչը, չէի տեսել...»:

«Դուրսն ավելի տաք է, քան ներսը»,-ասաց զինվորներից մեկը և սկսեց շուրջբոլորը նայել:

Այդ մի քանի վայրկյաններն ինձ համար կյանքիս ամենասարսափելի վայրկյաններն էին:

- Հավաքի՜,մորքու՜ր, վեշերդ, եկել ենք քեզ տանենք....

- Ինչու՞, ի՞նչ ա եղել... ու՞ր եք տանում:

- Ղարաբաղ, Արմենն ա խնդրել:

ՈՒսերիցս քարերը վեր ընկան, և ես փլվեցի մոտակա աթոռին... ու դեռ ապուշի պես նայում էի տղաներին:

Հրաժեշտ տալիս ամենաանզուսպը, սեղմելով հացատան տիրոջ ձեռքը, ասաց.

- Գիտե՞ք՝ դուք Հերոսի մոր եք ապաստան տվել, եթե չլիներ նրա որդին, մենք սաղս կենդանի չէինք լինի, նա մեզ հանեց շրջափակումից:

Նախօրոք կապկպած վեշերը տեղավորելով մեքենայի թափքում՝ սլացանք Արցախ (հազար երանի այդ օրին)։

...Բանակի ուժը կար, բայց չկային Հայրենիքը կյանքից վեր դասող ուժեղ առաջնորդներ: Բոլորը դեռևս 16 թվականից գիտեին պատերազմի ելքի մասին, և ամեն մեկն ուզում էր այդ թնջուկից մաքուր դուրս գալ՝ մեկը մյուսի վրա բարդելով իրենց մեղքերը:

Տանուլ տված երկրի թագավորները մնացին իրենց տեղերում, գնդապետները գեներալներ դարձան, գեներալները՝ մարշալներ, ու շքանշաններ, կոչումներ՝ ինչքան ասես:

Ստեփանակերտի փողոցներում նոր թափով սուրացին ջիպերը՝ վաստակած դրամը, զինվորը նորից մնաց նույն ջրով լիքը խրամատներում, կիսասոված, իսկ համազգեստի հարցը վաղուց ծնողն էր հոգում: Այն բանակը, որի զինվորն իր առաջնորդին չի վստահում և պաշտպանված չի զգում, այդ բանակը դատապարտված է պարտության:

Հավերժ փառք մեր Հերոսներին:

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

11.08.2024

Դիտվել է՝ 5045

Մեկնաբանություններ